Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես ունեմ երկու հայրենիք, մեկը ֆիզիկական` Ինդոնեզիան, մյուսը սրտումս է` Հայաստանը, Արցախը»

«Ես ունեմ երկու հայրենիք, մեկը ֆիզիկական` Ինդոնեզիան, մյուսը  սրտումս է` Հայաստանը, Արցախը»
29.09.2015 | 01:03

ՀԱՆՍ ԲՈՒՐՍԸ (Hans Boers) ունի վերին աստիճանի ուշագրավ կայք, ուր հրապարակված են նրա հետազոտությունները իր գերդաստանի մասին: Նրա երակներում հոսում է նաև հայի արյուն: 1829 թ. հոկտեմբերին ժամանակի ամենահարուստ հայը` ծագումով ղարաբաղցի Հովսեփ Ամիրխանյանը, ցանկություն հայտնեց Ռուսաստանից գնելու Արցախը (ավելի մանրամասն տե՛ս մեր «Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ» հոդվածաշարը «Իրատեսում»): Հովսեփի դուստր Աննան (1831-1894) ամուսնանում է հոլանդացի մայոր, բանակային հրամանատար Թիմեն Կոռնելիս Յոհանես Քրուզենի հետ, և ունենում են երկու դուստր՝ Լաուրա ու Կոռնելիա Հելենա: Հոլանդացի Յուլիուս Բուրսը (1847-1923, 1894-1898 թթ. եղել է Բոռնեոյի նահանգապետը) կնության է առնում Կոռնելիա Հելենային (1854-1904): Յուլիուսն ու Կոռնելիա Հելենան ուսումնասիրությունների հեղինակի պապն ու տատն են: Հանս Բուրսն այսօր բնակվում է հոլանդական Դորդրեխտ քաղաքում:

-Ես ծնվել եմ Ինդոնեզիայում: 1943 թ. մարտին ճապոնական օկուպացիոն իշխանությունները բանտարկում են մեր ընտանիքը: Հորս` Թեոդոր Մարի Կոռնելիս Բուրսին` թեյի պլանտացիայի կառավարչին, տանում են Արևելյան Ճավայում գտնվող Կավարասան համակենտրոնացման ճամբար, իսկ հղի մորս` ինդոնեզական հնամենի ազնվական ընտանիքից սերող Բեատրիքս Բուրս-Տեն Կատին և 11-ամյա քրոջս` Մարիին, Պուրվասրի ճամբար: Այստեղ էլ նույն թվականի հոկտեմբերին ծնվում եմ ես: Հայրս մահացել է 1944 թ. փետրվարին և հողին հանձնվել ճամբարի հետնամասում, իսկ 1949 թ. նրա աճյունը վերահուղարկավորվել է ինդոնեզացիների դեմ կռիվներում զոհված հոլանդացի զինվորականների գերեզմանատանը: Նա այդպես էլ ինձ չտեսավ: Մայրս ճամբարում վախճանվեց 1946 թ. մարտին: Քրոջս ու ինձ հինգ տարի շարունակ տեղափոխեցին ճամբարից ճամբար, ի վերջո ազատվեցինք 1948 թ. դեկտեմբերի 5-ին: Կարիք կա՞ նկարագրելու, թե ինչ պայմաններում եմ մեծացել. մշտական թերսնվածություն, ոչ մի դեղորայք ու վիտամին, հիվանդացա խոլերայով, արևադարձային ճահճատենդով, արնալուծով, բայց հրաշքով չմեռա:

Հայրը` Թ. Բուրս

Քրոջս ու ինձ Սուրաբայայում հանձնեցին որբանոց, որի տնօրենը մորաքույրս էր: Երբ քրոջս 17 տարին լրացավ, ստիպված եղավ որբանոցը թողնել և իր աշխատանքով հաց վաստակել: Ես սկսեցի հաճախել ինդոնեզական միջնակարգ դպրոց, բայց երբ 1958-ին Հոլանդիան նոր պատերազմ սկսեց Ինդոնեզիայի դեմ Պապուա-Նոր Գվինեայի համար, պարզ դարձավ, որ մենք այլևս անելիք չունենք այդ երկրում: Քրոջս Հոլանդիա ուղարկեցին 1959 թ. դեկտեմբերին, ինձ` ճիշտ մեկ տարի անց: Մորաքույրս ինձ ոչինչ չէր պատմում ծնողներիս մասին, որովհետև չէր ուզում հիշեցնել պատերազմական տարիների մասին և հոգեկան խաթարում պատճառել: Մեկնելուցս առաջ միայն ասաց` քո տատը հայ տիկին էր, իսկ պապը` մեծ հեղինակություն վայելող նահանգապետ: Լոկ այսքանը:

Քանի որ 21 տարիս չէր լրացել, Հոլանդիայում «Օրֆան» ինստիտուտն ինձ հանձնեց մի ընտանիքի, որը բացարձակապես հոգ չէր տանում: Ցերեկը հաճախում էի դպրոց, իսկ դասերից հետո աշխատում ռեստորանում: Բայց վաստակածս փողը իմը չէր, պարտավոր էի օթևան տված ընտանիքին հանձնել: Գիշերները կարդում էի մոմի լույսի տակ, որովհետև թույլ չէին տալիս էլեկտրականությունից օգտվել, անգամ ցուրտ ձմռանը:

21-ամյակս լրանալուն պես հեռացա այդ ընտանիքից: Ցերեկն աշխատում էի, երեկոյան` ուսանում: Ընդունվեցի համալսարան, ավարտեցի` ստանալով ջրային աշխատանքների ճարտարագետի մասնագիտություն: Շատ էի կարդում, հատկապես Պարսկաստանի, Հնդկաստանի և Նիդերլանդական Հնդկաստանի մասին: Ինչու` ինքս էլ չգիտեի, և գուցե դրա համար ծանոթներս ասում էին` դու նման չես Ինդոնեզիայից մյուս ներգաղթյալներին:

Աշխատանքի անցա մի ընկերությունում, որը նավթաբիզնեսով էր զբաղվում Իրանի հետ: Այդ երկրի մասին շատ բան գիտեի, պարսիկներն ինձ դուր էին գալիս, և դա ինձ օգնում էր բիզնեսում, գործընկերներիս մշտապես մերժում էին, ինձ` երբեք: Գիշերուզօր աշխատում էի ու ձգտում մոռանալ որբ մանկությունս: Գործունեությունս ընդգրկում էր Ասիան, Եվրոպան, Աֆրիկան, գործի բերումով եղա 58 երկրում: Ամուսնացա հոլանդուհու հետ, ունեցա երկու երեխա, ընտանիքի հոգսը իր բեռը բերեց, ու բոլորովին ժամանակ չունեի անհայտ անցյալս իմանալու, բայց քնելուց առաջ հաճախ էի հիշում մորաքրոջս խոսքերը` տատդ հայ տիկին էր, պապդ` նահանգապետ:

2008-ին անցա թոշակի, այդ տարի էլ մահացավ քույրս. մահից առաջ ինձ տվեց ծնողներիս լուսանկարները և մորս ամուսնական մատանին: Արդեն ժամանակ ունեի ու սկսեցի հետաքրքրվել անցյալովս, գերդաստանիս պատմությամբ: 2010-ին մեկնեցի Ինդոնեզիա ու խոր հիասթափություն ապրեցի. հորս գերեզմանը չկար, ընտանիքիս մասին որևէ հետք էլ չէր մնացել: Վերադարձա Հոլանդիա ու որոշեցի` ինչ էլ լինի, անցյալս պիտի պարզեմ: Երեք ամիս որոնումներ կատարեցի համացանցում, օրական քնում էի 3-4 ժամ, քանի որ հիվանդ էի ու տնից դուրս գալ չէի կարողանում։ Զանգահարեցի բարեկամների, որ փաստաթղթեր փնտրեն ազգային ինստիտուտներում, արխիվներում: Ամեն ինչ զուր էր, բայց փնտրտուքներս չդադարեցրի:

Մայրը` Բուրս-Տեն Կատ

Եվ ահա 2010-ի Ծննդյան տոներին` դեկտեմբերի 25-ին, գտա 1992 թ. մի լրագիր, որտեղ ոմն փաստաբան հոդված էր տպագրել իմ հայ տատի ու Բոռնեոյի նահանգապետ պապիս մասին: Փորձեցի կապ հաստատել այդ փաստաբանի հետ` չհաջողվեց: Բայց մեկնակետ արդեն ունեի` նահանգապետ պապս, որի անունը բազմիցս հիշատակվում էր հոլանդական արխիվներում: Ավելի դժվար էր տատիս պարագայում:

Հայերի ու Հայաստանի մասին ի՞նչ գիտեի. երկու բան, որ 1700 տարի առաջ ընդունել էին քրիստոնեություն ու թուրքերի կողմից ենթարկվել ցեղասպանության: Սկսեցի ինդոնեզահայերի մասին գրքեր, տեղեկագրեր, զանազան նյութեր ձեռք բերել: Զարմանալի էր` հոլանդալեզու մամուլը շատ քիչ էր անդրադարձել հայերին, եղածն էլ հիմնականում բացասական ուղղվածություն ուներ: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը, որ թերթերում բազմաթիվ ծանուցումներ կային Հովսեփ Ամիրխանյանի հողատարածքների, ստրուկների, տների, նավերի մասին, իսկ նրա կյանքի վերաբերյալ` ոչինչ: Ինչո՞ւ պարոն Գևորգ Մանուկյանի, նրա քույրերի, Ջակարտայում նրանց գործունեության մասին բազմաթիվ նյութեր կային, իմ մայրական պապի մասին` ոչինչ: Կնշանակի` ինչ-որ գաղտնիք կար, որը թերթերը կամ չգիտեին, կամ լռության էին մատնում:

Գնացի Ազգային արխիվ և այնտեղ հայտնաբերեցի մի ոչ մեծ թղթածրար, որ ժողովել էր Արմեն Հովսեփը (Armen Joseph): Մեկնեցի Հաագա, այցելեցի Արմեն Հովսեփի տուն ու երբ ներկայացա, նա ասաց. «Դուք իմ ազգականն եք»: Ասացի, որ փնտրում եմ իմ նախապապ Հովսեփին: Նա պատասխանեց. «Նախ փնտրեք գրքերում, ապա կգաք, կպատմեք, ու ես կասեմ` ճիշտ եք, թե ոչ: Դուք 100 տոկոսով հայ չեք, բայց ձեր սիրտը 100 տոկոսով հայի է, սրտով փնտրեք և կգտնեք»: Դա 2011-ի մարտին էր: Քեռի Արմենը (նրան այդպես էի անվանում) անչափ հետաքրքիր անձնավորություն էր, ծնվել էր 1921-ին Ճավայի Սուրաբայա քաղաքում: Հայրը` Խաչիկ Հովսեփյանը, հոգևորական էր, մայրն էր Մարիամ Հակոբյանը: Նա ինչ-որ ազգակցական կապ ուներ Հովսեփ Ամիրխանյանի քրոջ որդի Կարապետ Անդրեասյանի հետ, բայց հարցմունքներիս, չգիտեմ ինչու, չէր պատասխանում, խույս էր տալիս: Ճապոնացիները նրան էլ էին բանտարկել, և անցել էր համակենտրոնացման ճամբարի գեհենով: 1947-ին գաղթել էր Հոլանդիա, ավարտել Լեյդենի համալսարանը, աշխատել Լոնդոնում, բայց քայքայված առողջության պատճառով վաղ անցել էր թոշակի ու… 30 տարի Ազգային արխիվում ուսումնասիրել ինդոնեզահայերի մասին փաստաթղթեր: Երկու տարի կապ էի պահպանում քեռի Արմենի հետ, ամեն օր զանգահարում էի, բայց հենց խոսք էի բացում Հայաստանի ու հայերի մասին, ասում էր` այդ թեմաներով հեռախոսով մի խոսեք:

Նույն 2011 թ. մայիսին անսպասելիորեն նամակ ստացա այն փաստաբանի որդուց, որին գրել էի: Փաստաբանը մահացել էր, իսկ նրա որդին հոր թղթերը կարգի բերելիս գտել էր մի արկղ փաստաթուղթ ու լուսանկարներ և ցանկանում էր դրանք ինձ հանձնել: Նա եկավ ու տվեց… 2000 փաստաթուղթ (դրանց մի մասը կարգի եմ բերել և ուսումնասիրել, հիմա զբաղված եմ մյուսներով): Այդ փաստաթղթերի մեջ էր նաև նոտարի կողմից վավերացված Հովսեփ Ամիրխանյանի 52 ժառանգորդների վերաբերյալ մի ցանկ, որն ինձ օգնեց կազմելու գերդաստանիս տոհմածառը: Ես հասկացա, որ Աստված ու նախնիքս ինձ օգնական են…

Գնացի քեռի Արմենի մոտ, պատմեցի ամեն ինչ ու ցույց տվեցի տոհմածառը: Լսեց, նայեց և ասաց. «Լավ աշխատանք եք կատարել, շտկելու բան չունեմ»: Եվ տվեց Հովսեփ Ամիրխանյանի նշանավոր նամակը` հոլանդերեն թարգմանությամբ: Դժբախտաբար, այլևս հնարավորություն չունեցա հարցուփորձ անելու քեռի Արմենին, նա շատ ծեր էր ու հիվանդ և երկու տարի առաջ վախճանվեց` 92 տարեկան հասակում: Ափսո՜ս, ի՜նչ եղան նրա ժողոված արխիվային նյութերը, փաստաթղթերը, գրքերը` չգիտեմ:

Ես հասա իմ նպատակին, ես պետք է հանրահռչակեի իմ նշանավոր նախապապին: Հոլանդացիները դա չեն արել, և դրա համար պիտի ամաչեն: Հովսեփ Ամիրխանյանը 1825-1830 թթ. Ճավայի պատերազմի ժամանակ ոչ միայն աջակցել է հոլանդական իշխանությանը, այլև դրանից հետո օգնել է կառավարությանը վճարելու պաշտոնյաների աշխատավարձերը: Կաշառության մեջ խրված գաղութային կառավարությունը առանց նրա սնանկ կճանաչվեր: Հոլանդացիները դա չեն ուզում հիշել, դրա համար էլ լռում են:

-Ո՞վ է Ձեզ համար Հովսեփ Ամիրխանյանը:

-Իմ մեծ նախապապը ազնվազարմ մարդ էր, տոգորված ազատության, ազնվության, արդարության վեհ գաղափարներով: Նա պաշտում էր Աստծուն ու հարգում մարդկանց: Հիմա, երբ գիտեմ նրա մասին, ճանաչում եմ նաև ինքս ինձ: Գտել եմ արմատներս և ինքս ինձ հետ հաշտ եմ ապրում: Հպարտ եմ, որ սերում եմ աղա Հովսեփից, ճիշտ է, դա իմ ներսի ընդամենը մեկ, բայց բավարար ու շատ կարևոր մասն է:

Արմեն Հովսեփյան

-Հովսեփ Ամիրխանյանը երազում էր Արցախը տեսնել ազատ և ինքնիշխան: Այսօր այն ազատ է և ինքնիշխան, կցանկանայի՞ք այցելել Արցախ:

-Այո, ավելի քան կցանկանայի: Բայց ճապոնական համակենտրոնացման ճամբարներում անցկացրած մանկությունս զգալ է տալիս (բժիշկներն այնքան հիվանդություններ են հայտնաբերել, որ չեմ ցանկանում թվարկել): Կցանկանայի տեսնել այդ հողը, զգալ նրա բուրմունքը, լսել այդ հողի վրա ապրող մարդկանց խոսվածքը, տեսնել նրանց ապրելակերպը, կառուցած վանքերն ու եկեղեցիները:

Ես Աստծո ու նախնյացս օրհնությունն ունեմ: Տեսեք, 1982 թ. աշխատում էի Կամբոջայում, երբ կարմիր կխմերներն ինձ ձերբակալեցին, բայց մեկ օր անց ազատ արձակեցին, չսպանեցին, որովհետև ամերիկացու կամ ֆրանսիացու նման չէի, մազերս սև էին, մաշկս` շագանակագույն: 1991 թ. Քուվեյթում էի աշխատում, երբ Սադամ Հուսեյնի բանակը ներխուժեց: Հարձակումից մեկ օր առաջ ես պատահաբար լքեցի Քուվեյթը ու ողջ մնացի: Սրանք ի՞նչ են նշանակում` Աստված ու նախնիներս ինձ պահապան էին, առաքելություն էին թողել, որ պետք է կատարեի: Քանի դեռ ողջ եմ, առաքելությունս կշարունակեմ:

-Ի վերջո, Դուք ազգությամբ ո՞վ եք, Հանս, ո՞րն է Ձեր հայրենիքը:

-Ես ինձ ինդոնեզացի եմ համարում, քանզի ծնվել ու 17 տարի ապրել եմ Ինդոնեզիայում: Իմ նախապապ Հովսեփ Ամիրխանյանը 27 տարի է ապրել այդ երկրում, իր ու նրա ժառանգների վերջին հանգրվանը ինդոնեզական հողն է: Եվ հիմա, երբ գիտեմ նախնյացս մասին, հայկականություն եմ զգում ներսումս, հայի արյունն եմ զգում:

Ինձ հոլանդացի չեմ համարում, ցավում եմ, բայց Հոլանդիան երբեք հայրենիք չեմ համարել: Երախտապարտ եմ այդ երկրին, որովհետև ինձ կրթվելու, աշխատելու, հանգիստ ապրելու հնարավորություն ընձեռեց, բայց ես նրա մասնիկը չեմ, ինձ այստեղ համարել են զբոսաշրջիկ ու վերաբերվել քամահրանքով: Միշտ ասում էի` երբ թոշակի անցնեմ, կթողնեմ Հոլանդիան: Բայց Աստված ասաց` ո՛չ, չհեռանաս: Եթե չմնայի, հոլանդական արխիվներից և աղբյուրներից չէի գտնի արմատներս, գերդաստանիս, ի՛մ պատմությունը: Հիմա ապրում եմ ներքուստ բավարարված, կյանքս` իմաստավորված: Այդ իսկ պատճառով կարող եմ ասել` ես ունեմ երկու հայրենիք, մեկը ֆիզիկական` Ինդոնեզիան, մյուսը սրտումս է` Հայաստանը, Արցախը:

Հարցազրույցը`

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ

Դիտվել է՝ 4648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ